Մտորում
Աշնան մի մշուշ շաղախ է հույսի,
Որ գաղտագողի պատեց անցորդի,
Թռչունների պես, դայլայլով բույսի
Դարձավ հուզմունքը, կարոտին որդի․․․
Հեղհեղեց ջուրը միգում թախծոտ որոտի,
Խոնարհեց լուրը՝ որպես խորհուրդ ամենքի
Չխնայեց ոչինչ, ոչինչ իրենով չծաղկեց
Անշնչացան հույսերը փոքրացած, թե՝ մեծ․․․
Անտես, աննման երազը շուրթին․․․
Քայլեց խորքերը՝ դեպի ճահճուտին,
Այն ճեմող լույսով, սիրով ջերմագին,
իրականությամբ ծնված, մոռացված կրկին․․․
Թե գժվել են այս շիվերը, թե ծառերն են պար գալիս,
Ոչ խոսում են բարեկամից, ոչ խոսք գիտեն աշխարհքից,
Թե ժպտում են խնդությամբ լի, թե ծիծաղում ու լալիս,
Ոչ նայում են հայացքն ի վեր, ոչ բամբասում այս կյանքից․․․
Գոռ Վիսեր
19․10․2018թ․
Կա՛նգ առ ժամանակ
Ե՛վ հմայեց, և՛ տարավ դեպի երանության՝
Իրիկնային ննջող լապտերիկների լույսով,
Ե՛վ նայեց, և՛ ծարավ դարձավ երջանկության՝
Երկնային մոգական երազի հույզով․․․
Ո՞վ կհասկանա նորահայտ այս ուղին՝
Հեռվում նշմարվող գեղեցկությամբ կնոջ,
Աստղազարդ երկնքի ոսկեբույր քուղին
Պատվեր են տվել հույս դառնալ ընկերոջ․․․
Կանգնի՛ր, կա՛նգ առ ժամանակ ամենակարող,
ՈՒ՞ր ես անցնում ստվերագծով անվերադարձ,
Դո՛ւ պատասխանն ես երբեմնի, դո՛ւ լուծում տվող,
Կույր չես մշուշում կարոտի, մի՛ գնա անդարձ․․․
Գոռ Վիսեր
Սիրտս մի ըմպանակ
Ջահել սիրտս դատարկ մի ըմպանակ,
Իր մեջ առավ պատկերդ նազով չքնաղ,
Լցված քեզնով՝ հորդ չափով անքանակ,
Ինձ քեզ մատնեց, պչրանքիդ խաղաղ։
Հյուրընկալ գինետան ճանապարհի պես
Հոգիս փռեցի, լույս սփռեցի քայլքիդ,
Իսկ դու՝ հայացքիս այս հույսին անտես,
Ընկեր դարձրեցիր անտեղյակ խաղիդ․․․
Խոսքդ անճանաչ մի միտք է հառաչ,
Որ մե՛կ ձայնում է, մե՛կ էլ համրանում․
Այսպես ժպտալով ճեմում ես ճաճանչ՝
Ըմպանակն այս ձեռքիդ, ի՞նչ ես ակնարկում․․․
Գոռ Վիսեր
Անցյալներից
Անցյալներից միայն ներկաներն են կարևոր,
Որ անձրևներ են բերում ծարավդ հագեցնեն,
Բազում մտքերով՝ խորհուրդ դարձած ալևոր,
Փարվում են քեզ, որ խիղճդ ապրեցնեն։
Մարդուն սարքեն մարդ, հույսը՝ ապագա,
Ակունք դառնան արշալույսին պարզկա,
Մանկան ճիչը ուղերձ՝ շուրթին ամենքի,
Օրորոցում ծաղկեցնեն փրկությունը մենքի․․․
Շփոթ նվագով բոցոտ խնջույքում,
Անխոս կարոտով գիշերում անքուն,
Անցյալները անբառ մեզ հյուր են գալիս՝
Մեզ որդեգրելով պատիվը զրնգուն․․․
Գոռ Վիսեր
Անպատասխան մի ակնարկ
Քեզ ընտրություն, ինձ ճանապարհ,
Բազում խորդուբորդ՝ լռությամբ վարար,
Քեզ արդարություն, ինձ հոգու պար,
Բազում խուլ որոտ՝ լիությամբ մի բառ․․․
Այս խաղով ոչինչ, ոչինչ չի փոխվի,
Ոչինչ չի դառնա, անցյալն է ներկա,
Այս պահով ոչինչ, ոչինչ չի փագվի,
Ոչինչ չի դառնա, ոչինչ էլ չկա․․․
Աշնանային մի ակնթարթ կդառնա օրեկան,
Նոր իրականության սրտմտանքով մոգական,
Կդառնա շեմքը հուզմունքի՝ ոգեկորույս մի տնակ,
Որտեղ հանգչում է անպատասխան մի ակնարկ․․․
Գոռ Վիսեր
09․09․2018
Ընտանեկան բարձունքին
Մենության խավար․ դարձար լուսավառ,
Անցյալից ներկա, ներկա անցյալով,
Ծաղկեցիր վարար, ցնծությամբ անբառ,
Աշխարհից առկա, առկա աշխարհով․․․
Առանց հարց ու փորձ, առանց պատասխան,
Առանց վարձ ու գործ, առանց դատաստան,
Քո լուռ պատգամով, գահով հեռանիստ,
Վճիռ բերեցիր, մինուճար և խիստ․
Թե կան սրտեր բաժան-անբաժան,
Սիրո պսակին արժան-անարժան,
Թող միավորվեն, ձուլվեն իրարու,
Թող համբույր դառնան հնազադ, հլու...
Քանի՜ տարի, քանի՜ դար, երջանկությամբ հյուրընկալ,
Ծնունդ դառնան և ծնվեն մեծ օրհնությամբ միակալ,
Դառնան շուքին, լույս դառնան պայքարին,
Հաղթեն, հասնեն ընտանեկան բարձունքին․․․
Գոռ Վիսեր
Քեզ
Քե՛զ կբարևեմ, քե՛զ կճանաչեմ,
Քե՛զ տեսնելուց էլ չեմ ամանչի,
Քե՛զ խոսքեր կասեմ, որ չպապանձվեմ,
Քե՛զ լսելուց էլ չեմ հառաչի։
Դու ինձ քայլ կանես դյութիչ հեքիաթով,
Լուսեղեն խաղով, լուսե մախաղով,
Կժպտաս ինձ քնքուշ ակնարկով,
Քո մեջ փնտրելով՝ ինձ բանտարկելով․․․
Քե՛զ կպատմեմ, քեզ կպարուրեմ,
Քե՛զ հոգուս հրճվանքով կզարդարեմ.
Քե՛զ սիրտս սիրով, սերս սրտիս մեջ,
Քեզ երջանկություն մոլուցքով անշեջ։
Դու կժպտաս հայացքով արշալույսի,
Չքնաղ պատկերով, կերպարով հույզի,
Ծնունդ կդառնաս ժպտաբոց արևի
Ալ-անրջանքով սիրահեր բարևի․․․
Գոռ Վիսեր
26․08․2018
Ծնողը
Կյանքում ծնողը հենց կյանքն է իրավ,
Իսկ առանց ծնող կյանքն է ամեն ցավ,
ԵՎ թե կան մարդիկ՝ մոլեգին և դավ,
Աշխարհը հարուստ է, երբ ծնողն է լավ․․․
Մա՛յր, նա սիրտն է քո մեջ բաբախող,
Կարոտած գարնան ծաղկե զարթոնքով,
Հայ՛ր, հոգին է հպարտ մաքառող,
Կերպարով հայի, մայիսյան ոգով․․․
Նրանք միասին եսն են քո կյանքի,
Երեսը կամքի, աղբյուրն հարգանքի,
Հայացքիդ մեջ ապագան զավակիդ
Մեծարգո մի խինդ, խիղճը արարքիդ․․․
Գոռ Վիսեր
Արևը երկնքից ժպտում է անքուն
Արևը երկնքից ժպտում է անքուն
ԵՎ պաչիկներ ցրում շողշողուն,
Բայց, երբ հասնում է ապտակ է դառնում,
Սիրառատ հույզով սրտեր խողխողում։
Ե՛Վ շառաչում է, տանում՝ իր հունով՝
Գետաբերանում կլանած մեկին,
Ե՛Վ նավարկում է կոտրած մի տաշտով,
Ձուլում անցյալի ապառաժներին։
Բացվել է վարդը, բացվել՝ ծիծաղկոտ․
Թախծոտ աչուկներից հորդ սեր է հոսում,
Հոսում է գնում, հոսում՝ ցամաքում․․․
Գոռ Վիսեր
Կսիրեմ
Դեռ միջօրեի արևն է շողում․
Ես փնտրում եմ հայացքդ խոհուն․․․
Մի նոր այլընտրանք՝ թոհուբոհում,
Ցրտին է մատնում հույսով վառվռուն։
Հիշում եմ համբույրդ՝ թովիչ էր՝ եռուն,
ՈՒ գգվանքներդ այնքան սիրասուն,
Հետո տկարվում մոլորվածի պես՝
Ինչո՞ւ միամիտ, այսպես աներես․․․
Հիմա թե հեռվում, այնքան ցանկալի,
Երկնակամարի փայլագույն աստղից
Մի նոր ղողանջ վեր-վեր խարսխվի,
Ես կժպտամ, թեկուզ նոր ցավից։
ԵՎ երբ հակառակ ցամաքե ճամփով
Իրար հանդիպենք, հետո մատնվենք,
Մի խուլ ճողփյունով ուղղակի խոսիր՝
Աշնան խաղի պես, գարնան վերելքով․․․
Ահա և տխրոտ, տխրահոդ մի երգ,
Անտուն սպի է, անծանոթ մի վերք․
Ես քեզ կսիրեմ, կմուրամ սիրուց,
Անրջելով քեզ երջանկաբեր քամուց։
Գոռ Վիսեր
Եդեմի սիրով
Այն մերկ հույզերը՝ քեզ ալեկոծած,
Նույն խոհերի շշուկին հառնած,
Որ գուրգուրում են լայն փեշը բաց՝
Շփոթ մի խաղով անցած-գնացած,
Մեզ հյուր են բերում և հյուրընկալում՝
Նեղ և երկար փողոցով կարոտի,
Ամեհի ձայնով լուռ բացատրում,
Մեզ փնովում են աղմուկով որոտի․․․
Նորից և նորից, այն լուսաբացին,
Որ հարազատ է, այնպե՞ս քաղցրագին,
Մեղմ դայլայլով, ժրաջան եռանդով,
Նոր հույս է ձոնվում կրկին և կրկին․
Սիրեք անճար, սիրեք խնդագին,
Մեղմագին սահեք երջանիկ սահքով,
Հանդիպում դարձեք հեքիաթագին,
Հավերժագին պարուրվենք եդեմի սիրով․․․
Գոռ Վիսեր
Զինվորի մտորումներ
Գուցե ոլորուն ճանապարհներն այս
Ինձ էլ տուն բերեն, մա՛յր իմ, թանկագին,
ՈՒ ես՝ ծաղկե փունջը ձեռքիս,
Ժպիտ նվիրեմ՝ ցոլքով հավատի։
Մեղմիկ շշնջամ մութ լռության մեջ՝
Նոր շունչ ավետող, արբեցնող բույրով,
ՈՒ քո հայացքը խինդով ողողեմ՝
Մաքրագործ լինեմ խոժոռուն կյանքիդ։
Նորից խաղաղված օվկիանը սիրո
Վարարուն հոսքով շուրջդ ողողեմ,
ՈՒ քաղցր, հյութեղ հնչյունը երազիդ
Նոր նոտայով կյանք ես պարգևեմ․․․
Գոռ Վիսեր
Անհատույց
Կյանքում անհատույց միշտ մահն է լինում՝
Մեկին արքայի ոսկե տարափով,
Իսկ մյուսին՝ խորթ ցավե արկղով,
Հեռուն են տանում՝ ծովը անհատակ,
Ուր անդունդներ են բացվում երկյուղով․․․
Մանկության շունչը շուրթին բազմացած,
Այնպես շքեղ է՝ սիրով հիացած,
Բայց երջանիկը որտե՞ ղ միշտ փնտրել,
Երբ անհատույց մահին տիրացած՝
Հատուցում ենք շահով ահարկված․․․
Գոռ Վիսեր
10․06․2010
Քաոս
Մեղմիկ զեփյուռը սուլում է թաքուն,
Կարծես ակնարկում ու ակնկալում՝
Հին օրերի դրոշմը դեմքին,
Միամիտի պես ինքն իրեն շահում․․․
Երեկ էր գուցե՝ այսօրվա հույսով,
Երբ քեզ էի նայում մի ողջ բերկրանքով,
Անցածի նման կարոտ կար իմ մեջ,
Կարոտ՝ անծանոթ, ծանոթ խաղերով։
Նայում եմ իմ մեջ՝ մի դող ընկրկված,
ՈՒ շփոթմունքներով ինքս ինձ խաբում,
Հետո վառվում եմ ահից այլայլված,
Կարծես նենգությամբ երազս մատնում։
Ահա՛, օրերը անցնում են հերթով,
Ես մարում եմ սրտիդ բախյունով։
ՈՒ նոտաներ՝ վարարող կանչով,
Անվերջ գոչում են՝ ինձ համուզելով։
Բայց կսկիծը շնչիս խեղդվում եմ ես՝
Չհիշելով որտեղ փնտրոմ սերս ու քեզ։
Երկինքը նիրհում է իր քնքշությամբ հեզ,
Ես կորցնում եմ կյանքի ուղին՝ Ձեզ,
ԵՎ հիշողություն, որ մեխվում է իմ մեջ,
Մեխվում՝ ծռվելով սրտիս քո զարկին,
ՈՒ թողնում է հույսեր ահագին՝
Շահե ավարն է շաղ տալիս անցյալին․․․
Գոռ Վիսեր
Հայ մեծ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը լույս է տեսել 1898-ին։ Վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Շիրվանզադեն պատկերել է արդյունաբերական քաղաքը, ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների հաստատումը, բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ:
Հայ ժողովրդի, քաջազուն ազգի
Այն ամրակուռ լեռների միջից
Լսվում է ձայնը դարավոր, անբիծ,
Նորից լսվում է հարված բազկի՝
Հայ ժողովրդի, քաջազուն ազգի․․․
Ե՛Վ, թե արյուն, և՛ բոց սրտակեզ,
Ե՛Վ հիշողություն՝ չարացած անվերջ,
Պատել են հոգին հայոց ազգի,
Բայց չեն կուրացրել այն արի ոգին,
Որ հպարտ տենչում է անպարտ պայքարի․․
ԵՎ անգամ, եթե անցյալն էլ հետ գա՝
Տառապանքներով, ցավերով անվերջ,
ԵՎ ներկան նորից անցյալ էլ դառնա,
Միևնույն է հայ հողը հաղթով կցնծա,
Դեռ անվերջ պատասխան կտա,
Այն չար ոսոխին, բարբարոս ազգին,
Ե՛Վ դեռ կողբա ճիվաղը առանց դադարի՝
Զգալով ուժը հայոց բազկի,
Հայ ժողովրդի, քաջազուն ազգի․․․
Գոռ Վիսեր
20․05․2005
Եղեռն․․․ Հայ ազգը ծաղկեց
Եկավ գարուն աշխարհակուլ շնչառությամբ,
Սուտը ստին, իր չարակամ խաղաղությամբ,
Մատնեց կյանքը, մատնեց ամբողջ ագահությամբ,
Խեղաթյուրեց ցասումով լլկանքի՝ լկտիությամբ։
Տեղաց, հորդեց ցավը անկիրթ, խաղով անտուն,
Թուրք ասկյարի կերպարանքով անսերունդ,
Առու դարձած՝ սևասուգ հոսեց անհուն,
Եվ քարացավ գազանաբար, դարձավ խութ։
Արյունախում ոսոխ դու ոռնացիր տմարդի․
Մոռացար անվայել կոչումը քեզ՝ մարդ լինելու,
Դարձար կեղտը այս աշխարհի, ամոթը արդի՝
Վերագտած դատարկությունդ արյունարբու․․․
Խելազուրկ օսմանցի սխալվեցիր բթամիտ,
Հայ ազգը ծաղկեց արևավառ, վեր ելավ նորից,
Պապենական զարթոնքը դրոշմվեց հերոսամիտ,
Հայ հողը վերածնվեց քաջ զավակի կամքից․․․
Երկրագնդի այն նույն մասում սրբազան,
Որտեղ հայը շեն է բերել բյուր, ամենուր,
Թնդաց խինդով, վանկարկումով Հայաստան,
Գենը անհաղթ հայ հանճարի՝ Աստվածատուր․․․
Գոռ Վիսեր
24․04․2018
Քո կողքին
Ես քո կողքին թափանցիկ մի քող,
Տխուր մի խոսք, տրտում հայացք,
Անջնջելի՝ խենթ հոգու մրմունջ,
Եվ մի երազ՝ լուռ, կարծեցյալ։
Խորին հավատ, դյուրին մի հույս,
Մեգ են, խավար, աղոտ մի լույս,
Էլ չի հնչում կայտառություն,
Փոթորկվում է քուն, լռություն․․․
Սիրտս մերկ է՝ լքված մի տուն,
Հանդարտ հնչող մի մթություն․
ԵՎ ո՞ւր ես դու, ո՞ւր ես իմ սեր,
Կարոտել եմ անվերջ, անհետ։
Գոռ Վիսեր
Անհաճո իրականություն
Անհաճո իրականություն՝
Բեմական կրքով,
Ինչպես հոլիվուդյան աստղը վերջին,
Խենթ բյուր փայլերով,
Շոյացնող կրքով,
Ինչպես ջերմացնող ժպիտը ճղճիմ․..
Լուռ է այս կյանքը,
Լուռ է բայց խոսուն,
Անցորդ է թոհ ու բոհում,
Անհաճո իրականություն․․․
Գոռ Վիսեր
20․10․2008
Աչքս շողացող քո նուրբ ելևէջին
Աչքս շողացող քո նուրբ ելևէջին՝
Շուքին է տալիս շվաքը շահագին,
ՈՒ շառաչունով շրջում շշմածին,
Շքեղ զգեստով պարփակվածին։
ՈՒ շլանում է, շոյում մեղմօրոր,
Շարժում կարոտը շահակոլոր,
ՈՒ մեկել թախծում շշնջալով՝
Շտապելով հագուրդ մի շնչով․․․
Ցավում է հիմա, ցավում՝ շխկացող,
Ողջ ճշմարտությունը շահարկող։
Գոռ Վիսեր
11․12․2008
Երեկոն իջավ
Երեկոն իջավ գինարբուքի մեջ՝
Արբեցած սիրով, տենչանքով անշեջ,
Լուռ գլորվելով փրփրեց խենթագին,
Գեղեցիկի մեջ պատկերով անգին։
Հետո զսպվեց մեղավորի պես,
ՈՒ հանկարծ ժպտաց, պոռթկաց անպես,
Սիրուց գերվածի կարոտի շնչով,
Լուսավորված հարազատ փնջով․․․
Երեկոն իջավ ինձ ու քեզ գրկում,
Աստղափայլ խաղով, անհագուրդ ցավով․
Ես հանկարծ ընկա՝ խողխողված սիրով,
Իսկ դու ննջում էիր անձայն երազում։
Գոռ Վիսեր
06․04․2010
«Աստղազարդ գիշեր»
Այս դինամիկ նկարի հեղինակն է Վան Գոգը։ Նկարվել է 1889 թ-ի հունիսին ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր։ Նա եղբորը գրում է, որ առաջվա պես կարիք չունի հավատի, այդ պատճառով էլ դուրս եկավ գիշերով տանից և աստղեր նկարեց։ Վան Գոգը այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից, այն համարում էր անավարտ: «Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Նկարը 1941 թ.-ից պահպանվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ
(30․03․1853 - 29․07․1890)
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և
էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Ո՞ւր ես, որտե՞ղ
Ո՞ւր ես, որտե՞ղ, պայծառ ժպիտ,
Խայթող մի լույս, անմար մի խինդ,
Դու երազկոտ խենթ մի մանուկ,
Անհաս մի լույս, հեռու շշուկ։
Հիմա կարոտ, վաղը մի հույս,
Հետո գուցե խոսուն մի բույս,
ԵՎ ի՜նչ իմաստ՝ անտարակույս,
Անտերունչ է, հիվանդ, անհույս․․․
Գոռ Վիսեր
01․11․2005
Կյանքը
Կյանքը պատերազմ, ամհույս խաղաղություն,
Մի մեծ ջրաղաց ջրազուրկ դաշտում,
Կյանքը մի երազ, իրական անաստվածություն,
Վառող արեգակ լուռ գիշերվա քնում։
Կյանքը թոհ ու բոհ, խենթ հանդարտություն,
Մարդատյաց մի խինդ՝ մոլորություն,
Կյանքը հեղհեղատ, անբոց մի հիշողություն,
Այսքան անորոշ ալ-կարմիր խնդություն․․․
Գոռ Վիսեր
17․06․2009
Երազանք
Եթե մի օր տեսնեմ քեզ նորից,
Քո սիրահար հայացքի խայթով,
Գուցե և կրկին հասկանանք իրար,
Ի հեճույք կյանքի պտույտին միալար․․․
Գոռոզ է՝ անկիրթ պահվածքդ հաճո,
Երբ երազներս են տենչում քեզ անգո՝
Շշուկ շվացնող շաղախի շուքով,
Նազող նռենու նայվածքի ներքո․․․
Գոռ Վիսեր
02․01․2009
«Երազանք» (Le Reve)
«Երազանք» կտավը Պաբլո Պիկասոյի երիտասարդ սիրուհու` Մարի Թերեզ Ուոլթերիի դիմանկարն է: Ենթադրվում է, որ այն 1932 թ-ին նկարվել է ընդհամենը կես օրում:«Երազանք» կտավը աշխարհի ամենաթանկ նկարներից է։ 2006թ-ին Սթիվեն Քոենը Պիկասոյի այս կտավը գնել է 155 մլն դոլարով:

Պաբլո Պիկասո
(25․10․1881 - 08․04․1973)
Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ։
Տյառնընդառաջ
Զվարթ լույս, կենաց ծառ բարօրության,
Սերունդ առար սրբազան տարածքից գթության,
Քո պտղաբեր օրհնանքով բյուր սրտերին,
Նորապսակ խաղով բողբոջեցիր ամենքին։
ԵՎ տոն ծաղկեց իր պարով նազենազ,
Պարտեզում բերկրանքի, վառվռուն շողուշաղով
ԵՎ պատանի, երիտասարդ կեցվածքով վազեվազ,
Ավետ բերեցին ջերմաբոց լուսե խաղով։
Խառույկ վառվեց ժպտադեմ բախտով,
Եվ զրնգաց երգ-երաժշտությունը հայոց փողի,
Վարակվեցին մեծ ու մանուկ երկնային սիրով,
Անմահացավ կտորն այդ Հայկյան հողի։
Քաղցր կապոց յուր ձեռքերին երջանկաշատ,
Շուրջպար բռնեցին վառ հույզերով միասնական,
Ծափ ու ծիծաղ ծնվեց լիաթոք հայոց շեմին պարարտ,
Սուլեց հովը և ճչաց մաքրամքուր խինդով մանկան։
Կենսատու ջրհորից կում առան շուրթերին,
Ալվան ծաղկունք բուսնեց, փնջեր արգասաբեր,
Սիմեոն ծերունին կյանք մաղթեց բարեբեր,
Թագ ու պսակ, զարթոնք ընծայատուր բոլորին․․․
Գոռ Վիսեր
13․02․2018
Տրնդեզը ամենատարածված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի պաշտոնական անունը՝ Տյառնընդառաջ է։ Պետք է նշել, որ Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է , որ ըստ Հայ Առաքելական եկեղեցական օրացույցի օրը փոխվում է Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո և սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, հասկացավ, որ հենց նա է Տերը: Տյառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Ծեսի ժամանակ տաճարի բակում մեծ կրակ են վառում: Հավաքվում է ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ձոնում են տարբեր երգեր իրենց խնդրանքների մասին։ Տների բակերում էլ են կրակ վառում, որի շուրջը առաջին հերթին պտտվում են նորապսակ զույգերը՝ ամուսնական տարազով: Հայկական հնագույն լեգենդների համաձայն այդ օրը տոնական խարույկը բարօրություն է բերում այն մարդկանց, ում այն կկպնի: Տրնդեզի տոնակատարությունն հիմնականում ուղեկցվում է հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների մատուցմամբ։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր:
Թուրք-ազերի՝ ամոթ ու կեղծիք ժամանակի
Անկոչ թշնամին իր պիղծ պատկերով թշվառի,
Նենգ է, մի ոհմակ ապականված ոչուփուչերի․
Հիմա դարձել է մեծագույն աղբը աշխարհի,
Բայց աղբանոցում անգամ իր տեղը չունի։
Թուրք-ազերի՝ ամոթ ու կեղծիք ժամանակի,
Արյունարբու, անարգ մի ազգ՝ մարդու կերպարի,
Որ գոյացել է, դարձել գերագույնը նողկանքի,
Կեղտի պես ներծծվել հողում մեր հայրենի․․․
Բայց զուր է ճիվաղների ոռնոցը սնտուն,
Որ վիթխարի հեգնանք են աշխարհին ամբողջ,
Դեռ թափ են տալու բերանքսիվայր գետնին,
Մարդկությանը ապահովելով ապագա առողջ։
Գոռ Վիսեր
11․04․2016
Հայ հողում կվեհանա ազգը Հայկի
Օտար ճանապարհ՝ հեռուներին գերևարված,
Որ խոնարհաբար, հոգեկերույս և մոլորված,
Մատնում է ջուրը, հողը լեռնապար հայրերի․
Անծանոթ մի աշխարհ, առանց հույսի և բարևի։
ԵՎ ինչո՜ւ, այդպես՝ քո սուրբ հողին հակակշիռ,
Կարծես պատանդ ժամանակին անէացած,
Չի գործում ոչ մի օրենք կարգախոսով միշտ սիրիր,
Հայոց աշխարհ քո սրտում եմ՝ քեզնով հզորացած։
Արյան կանչով կկոտրենք տարածության խորթ պատնեշը,
Հաստա՛ տ գիտեմ, հայ հողում կվեհանա ազգը Հայկի,
Հայրենիքը ջերմագին բաց կտա կարոտած իր փեշը,
Հետ կկանչի, կդառնա միակ տունը հայ մեծ ազգի․․․
Գոռ Վիսեր
Հայկական Պար լեռնաշղթա։ Գտնվում է Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։ Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։
Որքան կարոտ կա քո աչքերում
Որքա՜ն կարոտ կա քո աչքերում
Ազատ ճեմող երազի նման,
Քո հայացքն է անվերջ խոսում՝
Սեր ճառագելով լույսով աննման։
Լուռ է հոքիդ, սիրտդ է տենչում,
Դառնալ հեռուներ, հաղթել այս խաղում,
Կյանքի շփացած այս թոհուբոհում․
Ե ՛վ մարմանդ մի կիրք, և ՛ հանգստություն․․․
Մի օր հուսառատ, քեզանից անկախ,
Հեքիաթ դարձած և անրջանման,
Մի բորբ վեհություն, խենթ հաջողություն,
Քեզ կպարուրի ծնունդով գարնան․․․
Գոռ Վիսեր
02․01․2014
Մի տարի էլ անխոս գնաց
Մի տարի էլ անխոս գնաց,
Թողեց հուշեր, խոսք հիացած,
Մեզ պարսավեց, աղաղակեց,
Հետո ժպտաց, երջանկացրեց։
Գնաց հույսով մեզ բոլորին,
Մաղթանքներով լավն ու բարին․
Եղբայր տարին՝ լուսե խինդով,
Փայլ կբերի իր գալուստով․․․
Հեքիաթները ձեզ ձայն կտան՝
Ավետաբեր բախտը շեմքին,
Նոր տարվա հետ կյանք կխաղան՝
Վարարելով մեզ՝ ամենքին․․․
Գոռ Վիսեր
31․12․2013


Երբ սիրտդ տխրությամբ է լցվում
Երբ սիրտդ տխրությամբ է լցվում,
Մեղադրում ես բոլորին, փոթորկվում,
Բոլոր-բոլորին, ովքեր չկան, չեն եղել,
Ովքեր քո բոլորն են, քեզ գիտեն սիրել։
Այն բոլորին, որ քեզ երբևէ չեն ճանաչել,
Եվ կյանքում այս անիրական են եղել,
Այդ բոլորը գուցե տրտմությունն է՝ սիրալիր,
Միգուցե անցյալը՝ ճշմարտությամբ իր․․․
Երբ միտքդ ալեկոծվում է անկեղծությունից
Նորից փնտրում ես այդ բոլոր-բոլորին,
Թերևս արդարանալու համար այս ամենից,
Մեղադրելով ժամանակը՝ գթասիրտ ամենքին․․․
Գոռ Վիսեր
11․10․2013
Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։
Ժան դը Լա Բրյուեր
(16․08․1645 - 10․05․1696թթ)
ֆրանսիացի հայտնի բարոյախոս, էսսեիստ, «Բնավորություններ» երկի հեղինակ։
Հայ աղջիկներ
Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ,
Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ,
Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես,
Որին սիրես, որին սիրտդ նվիրես։
Մեկը մի կանչ երջանկության բարևի,
Մեկն էլ խոնարհ իր հեզությամբ արևի,
Վարդ շուրթերով անուշահոտ կարոտի,
Ձայն են տալիս քաղցր բույրով անոթի։
ՈՒ չգիտեմ որին սիրեմ, խոսքեր ձոնեմ հմայիչ,
Որին ասեմ, որ սիրտս ծնունդն է իր սրտի,
Եվ ես հենց նա եմ՝ այդ սրտի դողը հուզիչ,
Նորակերտ կյանքը՝ համբույրը սիրահար այտի․․․
Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ,
Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ,
Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես,
Որին սիրես, որին սիրտդ նվիրես։
Գոռ Վիսեր
Հաճախ խինդը շատ կարճ է թվում
Հաճախ խինդը շատ կարճ է թվում,
Երբ առանց քեզ աշխարհն է ցնծում,
Դու լոկ մտածում ես, փոթորկվում,
Այս հույզերը ինչով են սնվում․․․
Ինչով են իրենց հույսով կարոտի,
Այս ցնծության մեջ անտուն աշխարհի,
Գտնում հենց մեկի, մի խենթ հայացքի
ՈՒ ձոնում մի խինդ՝ ցոլքը այս կյանքի․․․
Տարակուսել պետք չէ անկասկած,
Բազում լույսեր են վառվել հիացած,
ՈՒ աղջամուղջին՝ խինդով լիացած,
Դեռ ձայն են տալու մեզ երջանկացրած․․․
Գոռ Վիսեր
11․09․2013
Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։
Միգել դե Սերվանտես Սաավեդրա
(29․09․1547 - 23․04․1616)
Իսպանացի նշանավոր գրող։
Դու սրտի թրթիռ, երկիր հայրենի․․․
Դու սրտի թրթիռ, երկիր հայրենի,
Քո լույսն է ծնել հույսը ամենքի,
Քեզնով հիացել, քեզնով լիացել,
Աշխարհին մի նոր հրաշք ես դարձել։
Քո քարքարոտ պատմության խորքում
Միայն լուռ հերոսն է ննջում,
Քո որդիկ հայոց, կորովը մտքի
ՈՒժը քո ազգի, հայկական բազկի։
Դու խենթ մանուկ ես վեհ հոգում՝
Գարնան ծաղկունքով բոսորացած,
Մեր խիզախ ազգի խինդը քո սրտում
Դու անկոտրում ես՝ դարերին բազմած ․․․
Գոռ Վիսեր
20․09․2013

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆ
Քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո հուշարձանը կանգնեցվել է 1967 թ-ին, Հաղթանակի զբոսայգում։ 1950 թվականի նոյեմբերի 29-ին բացված և 1962թ-ին ապամոնտաժված Իոսիֆ ստալինի 17մ (պատվանդանով 51 մ) բարձրությամբ արձանի նույն պատվանդանին։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը խորհրդանշող այս հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Այս հուշարձանի հարևանությամբ 1970 թ. բացվել են նաև «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, իսկ 1995 թ.՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը:
Subscribe to:
Posts (Atom)
Կարդացեք նաև
Խաղալ սեր
Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...
