Զվարթ լույս, կենաց ծառ բարօրության,
Սերունդ առար սրբազան տարածքից գթության,
Քո պտղաբեր օրհնանքով բյուր սրտերին,
Նորապսակ խաղով բողբոջեցիր ամենքին։
ԵՎ տոն ծաղկեց իր պարով նազենազ,
Պարտեզում բերկրանքի, վառվռուն շողուշաղով
ԵՎ պատանի, երիտասարդ կեցվածքով վազեվազ,
Ավետ բերեցին ջերմաբոց լուսե խաղով։
Խառույկ վառվեց ժպտադեմ բախտով,
Եվ զրնգաց երգ-երաժշտությունը հայոց փողի,
Վարակվեցին մեծ ու մանուկ երկնային սիրով,
Անմահացավ կտորն այդ Հայկյան հողի։
Քաղցր կապոց յուր ձեռքերին երջանկաշատ,
Շուրջպար բռնեցին վառ հույզերով միասնական,
Ծափ ու ծիծաղ ծնվեց լիաթոք հայոց շեմին պարարտ,
Սուլեց հովը և ճչաց մաքրամքուր խինդով մանկան։
Կենսատու ջրհորից կում առան շուրթերին,
Ալվան ծաղկունք բուսնեց, փնջեր արգասաբեր,
Սիմեոն ծերունին կյանք մաղթեց բարեբեր,
Թագ ու պսակ, զարթոնք ընծայատուր բոլորին․․․
Գոռ Վիսեր
13․02․2018
Տրնդեզը ամենատարածված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի պաշտոնական անունը՝ Տյառնընդառաջ է։ Պետք է նշել, որ Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է , որ ըստ Հայ Առաքելական եկեղեցական օրացույցի օրը փոխվում է Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո և սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, հասկացավ, որ հենց նա է Տերը: Տյառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Ծեսի ժամանակ տաճարի բակում մեծ կրակ են վառում: Հավաքվում է ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ձոնում են տարբեր երգեր իրենց խնդրանքների մասին։ Տների բակերում էլ են կրակ վառում, որի շուրջը առաջին հերթին պտտվում են նորապսակ զույգերը՝ ամուսնական տարազով: Հայկական հնագույն լեգենդների համաձայն այդ օրը տոնական խարույկը բարօրություն է բերում այն մարդկանց, ում այն կկպնի: Տրնդեզի տոնակատարությունն հիմնականում ուղեկցվում է հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների մատուցմամբ։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր: