Երջանկացիր մի քայլով

Եղբա ՛յր, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ ինձ ասա,
Որ դու ծաղկես սիրով, ջերմագունեղ սրտով անսա․
Ասաց տարին անցնող, անցյալ դարձող մարդկության,
Գալիք տարուն՝ ժպտացող ապագայի ներկայության․․․


Դու ես միակ հրաշքը, վայելչապանծ արարը կեսգիշերի,
Հրաշքը բազմահանդես՝ առատահոս բախտաբեր շշերի,
Դու ես, որ կգաս ու սրտերին ի վեր կհանես,
Փայլածին շուքը շեմքին ամենքին հյուր կտանես․․․


Քեզ մի կտակ, ի՛մ եղբայր, կախարդական փայտիկով,
Քո գալուստով կվարարես, կբարևես մատիկով,
Կողողես զուլալ խաղով՝ առողջության դայլայլով,
Ընծա կտաս ամեն մեկին․ Երջանկացիր այս քայլով․․․


Գոռ Վիսեր


31․12․2018թ․


Մտորում

Աշնան մի մշուշ շաղախ է հույսի,
Որ գաղտագողի պատեց անցորդի,
Թռչունների պես, դայլայլով բույսի
Դարձավ հուզմունքը, կարոտին որդի․․․


Հեղհեղեց ջուրը միգում թախծոտ որոտի,
Խոնարհեց լուրը՝ որպես խորհուրդ ամենքի
Չխնայեց ոչինչ, ոչինչ իրենով չծաղկեց
Անշնչացան հույսերը փոքրացած, թե՝ մեծ․․․


Անտես, աննման երազը շուրթին․․․
Քայլեց խորքերը՝ դեպի ճահճուտին,
Այն ճեմող լույսով, սիրով ջերմագին,
իրականությամբ ծնված, մոռացված կրկին․․․


Թե գժվել են այս շիվերը, թե ծառերն են պար գալիս,
Ոչ խոսում են բարեկամից, ոչ խոսք գիտեն աշխարհքից,
Թե ժպտում են խնդությամբ լի, թե ծիծաղում ու լալիս,
Ոչ նայում են հայացքն ի վեր, ոչ բամբասում այս կյանքից․․․


Գոռ Վիսեր


19․10․2018թ․



Կա՛նգ առ ժամանակ

Ե՛վ հմայեց, և՛ տարավ դեպի երանության՝
Իրիկնային ննջող լապտերիկների լույսով,
Ե՛վ նայեց, և՛ ծարավ դարձավ երջանկության՝
Երկնային մոգական երազի հույզով․․․


Ո՞վ կհասկանա նորահայտ այս ուղին՝
Հեռվում նշմարվող գեղեցկությամբ կնոջ,
Աստղազարդ երկնքի ոսկեբույր քուղին
Պատվեր են տվել հույս դառնալ ընկերոջ․․․


Կանգնի՛ր, կա՛նգ առ ժամանակ ամենակարող,
ՈՒ՞ր ես անցնում ստվերագծով անվերադարձ,
Դո՛ւ պատասխանն ես երբեմնի, դո՛ւ լուծում տվող,
Կույր չես մշուշում կարոտի, մի՛ գնա անդարձ․․․

Գոռ Վիսեր


14․10․2018


Սիրտս մի ըմպանակ

Ջահել սիրտս դատարկ մի ըմպանակ,
Իր մեջ առավ պատկերդ նազով չքնաղ,
Լցված քեզնով՝ հորդ չափով անքանակ,
Ինձ քեզ մատնեց, պչրանքիդ խաղաղ։
Հյուրընկալ գինետան ճանապարհի պես
Հոգիս փռեցի, լույս սփռեցի քայլքիդ,
Իսկ դու՝ հայացքիս այս հույսին անտես,
Ընկեր դարձրեցիր անտեղյակ խաղիդ․․․
Խոսքդ անճանաչ մի միտք է հառաչ,
Որ մե՛կ ձայնում է, մե՛կ էլ համրանում․
Այսպես ժպտալով ճեմում ես ճաճանչ՝
Ըմպանակն այս ձեռքիդ, ի՞նչ ես ակնարկում․․․


Գոռ Վիսեր


04․10․2018


Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...